011   Այսօր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օրն է: Նշվում է անվանակոչության 90 ամյակը: Տոնը տոն, բայց դրա հետ կապված մի շարք հանգամանքներ մտորելու  տեղիք է տալիս: Նախ ժողովուրդ, եթե քաղաքի օր է նշվում, ապա այդ օրը համարվում է քաղաքի հիմնադրման տարեթիվը, այդպես է ընդունված ամբողջ աշխարհում: Իսկ ի՞նչ է նշանակում նշել անվանակոչության օր, նման բան աշխարհում չկա, իսկ երևույթն էլ բացատրություն չունի, այդ անորոշությունը բերում է նրան, որ որոշ լրատվամիջոցներ իրենց մեկնաբանություններում նշոմ են, որ Ստեփանակերտը 90 տարեկան է, նման տպավորություն է ստեղծվել նաև հանրության մեջ և դրա պատճառն է հանդիսանում անվանակոչություն ասվածը:  Այդ ամենով մենք մոռացության ենք տալիս մեր անցյալը, մեր պատմությունը և զանազան անորոշությունների առիթ տալիս: Ուրիշները չեղած տեղից պատմություն են ստեղծում, իսկ մենք մեր եղածը քամուն ենք տալիս: Ժողովուրդ չեք կարծում, որ դրանով ջուր ենք լցնում ադրբեջանական քարոզչամեքենային:

   Իսկ ի՞նչ թիվ է 90 թիվը. 1923թ. Ստեփանակերտ բնակավայրը դարձավ ԼՂԻՄ մարզկենտրոն: Այս տարեթիվը  Ստեփանակերտի և Արցախի համար կարևորելը նույնպես մտորելու տեղիք է տալիս: Դա այն տարեթիվն է, երբ այսպես ասած «օրինակացվեց»  Արցախի բնակցումը Խորհրդային Ադրբեջանին, ինչպես նաև հենց Ստեփանակերտի մարզկենտրոն հռչակումը խթան դարձավ հայակակն Շուշիի վերջնական թուրքացմանը:

   Եվ ի գիտություն ասեմ, որ  պատմական աղբյուրրից դեռևս հայտնի են, որ ներկայիս Ստեփանակերտի տարածքում դեռևս 5-րդ դարում գոյություն ուներ Վարարակն բնակավայրը: Ներկայումս Ստեփանակերտի տարածքում գտնվող Կրկժան գյուղը նույնպես ունի երկար ու հարուստ պատմություն: Իսկ վերջերս Ստեփանակերտի տարածքում գտնված Կարկառ բնակատեղին թերևս ավելի հին է, որոշ տվյալներով նույնիսկ կարող է թվագրվել մեր թվարկությունից առաջ 1-ին-2-րդ դար: