Փաստ է, որ Արցախում արդեն ձևավորվել է միջազգային չափորոշիչներին համարժեք դատական համակարգ ու իրականացվող դատական բարեփոխումների արդյունքում աստիճանաբար ավեի է կատարելագործվում Արցախի դատական համակարգը: Սա իրոք հպարտանալու տեղիք է տալիս, քանի որ այնպիսի երկրի համար, ինչպիսին է Արցախը դժվար խնդիր է պատշաճ  իրավական համակարգ ունենալը, քանի որ Արցախը զրկված է միջազգային շփումներից և իրավահամակարգի ստեղծման և կատարելագործման համար միջազգային կառույցների օգնությունից: Սակայն Երևի երբեք չեք մտածել, թե ինչ ճակատագրի կարժանանա Արցախի Հանրապետության դատարանում ընդունված դատական ակտը արտասահմանյան որևէ երկրում: Ի սկզբանե այն չի ընդունվի որպես օրինական, սակայն նման դիրքորոշումը սխալ է և խախտում է միջազգային իրավունքով սահմանված մի շարք կարևորագույն սկզբունքներ: Այս խնդիրը քիչ է ուսումնասիրվել, կարելի է ասել ընդհանրապես չի ուսումնասիրվել ու ընդհանրապես այս մասին կարելի է ասել ընդհանրապես չի խոսվում, մինչդեռ հավանականությունը մեծ է, և իրականում լինում են, որ ասենք դատաքննության ժամանակ կողմերից մեկը հանդիսանում է օտար պետության քաղաքացի կամ որևէ կերպ կապված լինի օտար երկրի իրավահամակարգի հետ: Կամ ասենք ինչպես կարող են Արցախի Հանրապետության քաղաքացիները պաշտպանել իրենց իրավունքները և օրինական շահերը արտերկրյա դատարաններում, քանի որ դա միանգամայն դժվար կլինի, որովհետև հավանաբար կբախվեն անպայման այսպես ասած չճանաչվածության գործոնի հետ:

Այսպիսով փորձեմ հնարավորինս ներկայացնել այս խնդիրը:

Պետության դատական ակտը այլ պետության տարածքում կիրառելու խնդիրը հիմնականում կարգավորվում է ազգային օրենսդրական ակտերով: Ուստի, քանի որ, միջազգային պրակտիկայում ընդունված է, որ պետության դատական ակտերը կիրառվում են մեկ այլ պետությունում միայն իրավական փոխօգնության կամ համապատասխան այլ պայմանագրի առկայության դեպքում, ապա կարելի է եզրակացնել, որ չճանաչված պետության դատական ակտերը չեն կարող կիրառվել այլ պետության տարածքում, սակայն, դա միանգամայն չի տալիս այդ խնդրի լուծումը և խնդրին մակերեսորեն է մոտենում: Արդյոք դա այդպե՟ս է: Հարցի պատասխանը գտնելու համար դիմենք միջազգային իրավունքի այնպիսի հեղինակավոր փաստաթղթի, ինչպիսին է “Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը”: Մասնավորապես այդ հռչակագրի 7-րդ հոդվածը նշում է. “Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և, առանց որևէ խտրականության, ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք: Բոլոր մարդիկ ունեն սույն Հռչակագրով սահմանված հավասարությունը խախտող որևէ խտրականությունից, սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք”, իսկ նույն Հռչակագրի 6-րդ հոդվածը նշում է. “Յուրաքանչյուր մարդ, որտեղ էլ, որ նա գտնվի, իր իրավասուբեկտության ճանաչման իրավունք ունի”: Առավել հետաքրքիր է վերը նշված Հռչակագրի 8-րդ հոդվածը, որը նշում է. “Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանի միջոցով արդյունավետ կերպով վերականգնելու այդ իրավունքները”: Ցանկացած պետության քաղաքացի ունի դատական պաշտպանության իրավունք` պաշտպանելով իրեն վերապահված իրավունքներն իրավասու ազգային դատարանի միջոցով: Համարելով ոչ օրինավոր կայացված դատական ակտը միայն այն պատճառով, որ դա հանդիսանում է չճանաչված պետության դատարանի կայացրած դատական ակտ, կհանդիսանա Հռչակագրի վերը նշված դրույթների խախտում և ընդհանրապես մարդու իրավունքների կոպիտ խախտում: Առավել հետաքրքիր է միջազգային պրակտիկայում տեղ գտած հետևյալ դեպքը.
Հարավային Ռոդեզիայի միակողմանի անկախության հռչակման կոնտեքստում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դատավոր Սեկրմանը “Re James” ընկերության լուծարման գործով նշել է. “Ես կարծում եմ, որ համապատասխան գործերով մեր դատարանները (բրիտանական) ընդունում են դատական իշխանությունների ակտերի իրողությունը, նույնիսկ, եթե դրանք լինեն անօրեն նշանակված դատավորների ակտեր կամ եթե դատական ակտն ընդունած դատավորների իշխանությունն առաջանում է անօրեն կառավարությունից”:
Փաստորոն այստեղ էլ կարելի է նույնը ասել` որևէ հիմնավորվածություն չկա չճանաչված պետության դատական ակտերը համարել ոչ օրինավոր և չընդունել դրանց իրավազորությունը, ավելին` չընդունելով չճանաչված պետության դատական ակտը` կհանգեցնի մարդու իրավունքների կոպիտ խախտում, քանի որ բազմիցս են պրակտիկայում հանդիպում դեպքեր, երբ չճանաչված պետության ազգային դատարաններում քննվող գործերի կողմեից մեկը հանդիսանում է այլ պետության քաղաքացի և չընդունելով այդ ակտի օրինականությունը այն պետության կողմից, որի քաղաքացի է հանդիսանում կողմը, դրանով իսկ կխախտվի մյուս կողմի իրավունքները: Նման հարցերը պետք է ուսումնասիրվեն ավելի մանրամասը և մակերեսային գնահատական չտրվի: Ամեն դեպքում միջազգային իրավունքում և միջազգային շփումներում կարևորությունը տրվում է մարդու իրավունքներին, այլ ոչ թե պետություններին կամ նրանց ունեցած միջազգային ստատուսին, համենայն դեպս միջազգային իրավունքի կարևորագույն փաստաթղթերում ամրագրված դրույթներն ուղղակի կամ անուղղակի կերպով դա են վկայում:

Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների օտարերկրյա դատարաններում պաշտպանելու տեսանկյունից հետաքրքրական կարելի է համարել նաև միջազգային դատական պրակտիկայում տեղ գտած հետևյալ գործերը. “Carl Zeiss Stiftung v. Rayner & Keeer Ltd.” գործով բրիտանական դատարանն  օգտագործել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության իրավական ակտը` չնայած Ֆորին Օֆիսը չէր ճանաչում այդ պետությունը: Այդ գործում հատուկ ուշադրության է արժանի  լորդ Ուլիբերֆորսի կարծիքը, որիը նախադպային ուժ ունի՝ այսինքն դրան հետագայում անդրադառնում էին բրիտանական դատարանները նմանատիպ գործեր լսելու ժամանակ.”ՙԱՄՆ-ում կարելի է գտնել որոշակի մտքեր, որոնց համաձայն չճանաչումը չպետք է հանգեցնել նրա լիակատար ժխտմանը և այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է  մասնավոր հետաքրքրություններին, արդարադատության ակտերի  իրականությանը կամ վարչակազմի ակտերին, դատարանները կարող են ի շահ արդարադատությանը և առողջ մտածելակերպին ընդունել իրական փաստերը, որոնք առաջացել են վիճարկվող տարածքներում”: Սա նշանակում է այն, որ պետության չճանաչված լինելը չի հանգեցնում այդ պետության իրավական համակարգի գոյության ժխտմանը և երկրի միջազգային շփումները չ բացառում միջազգային մասնավոր շփումները, ուստի արդարադատության շահերից ելնելով պետք է հաշվի անվի այդ հանգամանքները:

Հոդվածում մեջբերված սույն խնդրի հետ առնչվող փաստերի միայն մի մասն են իրավական փաստաթղթերի, որոնք տեղ են գտել միջազգային իրավահամակարգում: Հույս ունեմ, որ նման կարևոր հանգամանքները կուսումնասիրվեն ավելի մանրամասն և համապատասխան հետևություններ կարվեն, նախ և առաջ Հայաստանի Հանրապետությունում: Սրանք իրավաբանորեն ամրագրված փաստեր են, որոնք կարող են հեշտացնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը, ինչպես նաև կնպաստեն արտասահմանյան երկրներում և նրանց դատարաններում Արցախի քաղաքացիների քաղաքացիական և այլ իրավունքների ճանաչմանը:

Advertisements